ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր Նրան.
մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշավակելի է,
ոչ էլ այն մարդուն, որ անօրենություն է գործում։
Դադարի՛ր բարկանալուց, հանդարտվի՛ր սրտմտությունից
և մի՛ նախանձիր չարամիտներին։
Չարագործները շուտով կվերանան,
իսկ Տիրոջը սպասողները կժառանգեն երկիրը
(Սաղմոս 36.7,8)։
(սկիզբը` նախորդ համարում)
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Արարչագործությունն այն խնդիրներից է, որոնք տարաձայնություններ են առաջացնում մի կողմից՝ սեմական տիեզերագիտության ու աստվածաբանության, մյուս կողմից՝ հունական տիեզերագիտության միջև: Հունական մտածողությունն այս կապակցությամբ ընդունում է «պահպանման օրենքը»: «Անէությունից ոչինչ չի առաջանում» սկզբունքը, որը Լուկրեցիոսը (ն.Ք. մոտ 99-55 թթ. հռոմեացի բանաստեղծ և մատերիալիստ փիլիսոփա, Էպիկուրի ինքնատիպ շարունակողը, «Իրերի բնության մասին» պոեմի հեղինակը։ Այս ստեղծագործության մեջ պոետիկ ձևով շարադրվում են Էպիկուրի ու Դեմոկրիտի մատերիալիստական գաղափարները. աշխարհը, ըստ նրա, բաղկացած է սկզբնական նյութական ու հավերժական մարմիններից, որոնք անփոփոխ ու անբաժան են և տարբերվում են մեկը մյուսից ընդհանուր տեսքով, իսկ նրանց միացումներն ու տրոհումները համապատասխանաբար գոյացնում կամ տարրալուծում են իրերը։ Մասնիկները հավերժորեն շարժվում են դատարկության մեջ, որը նույնքան օբյեկտիվ կերպով գոյություն ունի, ընդ որում, շարժման պատճառը ծանրության ու մարմինների ուղուց ինքնաբերական շեղումն է) հետագայում ձևակերպեց որպես օրենք, ընդունում էին Թալեսից մինչև ստոիկները և նույնիսկ այն մտածողները, ովքեր ատոմիստիկայի (ուսմունք մատերիայի դիսկրետ, ընդհատ կառուցվածքի մասին` ատոմներից և միկրոմասնիկներից կազմված լինելու վերաբերյալ) հիմնադիրների նման ենթադրում էին անէության և դատարկության գոյությունը: Իսկ ինչ վերաբերում է Բ «Մակաբայեցիների» գրքի կազմությունից առաջ ապրած հրեաների տիեզերաբանական մտածողությանը, ապա թվում է` նրանք ընդունում էին, որ Աստված արարել է աշխարհը «անէությունից», և որ այս արարչության առաջին գործը բացարձակ անէությունից՝ «թոհուբոհի» (ըստ եբրայական բնագրի` «Ամայի ու անապատ». այս բացասական բնույթի պատկերը ճանապարհ է հարթում ոչնչից արարչագործության հասկացության համար։ ՈՒշագրավ է, որ հայերեն «թոհուբոհ» բառը, որ նշանակում է «քաոսային վիճակ, կատարյալ խառնաշփոթություն», ըստ Հ. Աճառյանի, փոխառված է ասորական Աստվածաշնչի Ծննդ. Ա2 համարից, որ հայերեն թարգմանվել է «աներևույթ և անպատրաստ») դատարկությունից գոյության կոչելն է (Ծննդ. Ա 1), իսկ երկրորդ գործի իմաստն այս սկզբնական դատարկության (Ծննդ. Ա 2) կազմավորումն էր: Հին Կտակարանի հեղինակները հաճախ են սահմանափակվում արարչագործության այս երկրորդ, այսինքն՝ սկզբում արարչագործված դատարկության կազմավորման փուլով: «Իմաստություն Սողոմոնի» գիրքը թեպետ և գրվել է Բ «Մակաբայեցիների» գրքից հետո, արարչագործությունն ըմբռնում է իբրև Աստծու ձեռքի գործ. «Անկերպարան նյութից հաստատեց այս աշխարհը» (Իմաստ. ԺԱ 18), բայց առանց հիշատակելու սկզբնական դատարկությունը: Իսկ Բ «Մակբայեցիների» հեղինակը յոթ նահատակների մոր անունից ասում է. «Արդ, աղաչում եմ քեզ, որդյա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին, այդտեղ ապրող արարածներին: Հիշի՛ր, որ Աստված նրանց ստեղծել է ոչնչից» (Բ Մակաբ. Է 28): Այսպիսով՝ նա վերադառնում է Ծննդոց Ա 1-ի ավանդությանը, որով արարչագործության հիմնական խնդրի մեջ պարզություն է մտցվում, և նրա միջոցով կանխանշում Նոր Կտակարանի ուսմունքը (Կողոս. Ա 15-16 և Հովհ. Ա 3):
ԱՐԴԱՐՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բ «Մակաբայեցիների» հեղինակի խորհրդածությունները կատարածի (վախճանաբանություն)՝ վերջին ժամանակների մասին Դանիելի գրքի զարգացումն են: Այս մտածողությունն ավելի մոտ է փարիսեցիների ուսմունքին, որոնք հաստատակամորեն պաշտպանում էին արդարների հարությունը՝ հոգով ու մարմնով, քան «Իմաստություն Սողոմոնի» երկրորդականոն գրքի ուսմունքին, որը պլատոնականների ազդեցությամբ պնդում էր, որ միայն արդարների հոգիները պիտի վայելեն հավիտենական երջանկությունը: Իսկ ինչ վերաբերում է ծերունի Եղիազարին, ապա թվում է` նա խորհում է սադուկեցիների նման (Զ 23), սակայն չի ժխտում մեղավորների անդրշիրիմյան պատիժը (Զ 26):
ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Բ «Մակաբայեցիների» երկրորդականոն գրքում մեկ ուրիշ զարգացում կա` ննջեցյալների մեղքերի քավության համար աղոթքի ու զոհաբերության արդյունավետությունը (Բ Մակաբ. ԺԲ 40-45), ինչը հավասարազոր է հանուն ողջերի արդար ննջեցյալների բարեխոսությանը, ինչպես Օնիայի ու Երեմիայի պարագայում է (Բ Մակաբ. ԺԵ 11-16): Փիլոն Եբրայեցին (ն.Ք. 20-54, հրեա փիլիսոփա, Աստվածաշնչի մեկնիչ։ Ծնվել է Ալեքսանդրիայում։ Փորձել է բացատրել կրոնը հունական փիլիսոփայության միջոցներով։ Մեծ ազդեցություն է ունեցել Արևելյան Եկեղեցու վրա։ Նրա երկերը հայերեն են թարգմանվել 450-480-ականներին։ Բնագրերի կորած լինելու պատճառով դրանցից մի քանիսն աշխարհին հայտնի են բացառապես հայերեն թարգմանությամբ (Փիլոն Եբրաեցւոյ բանք երեք չեւ ի լոյս ընծայեալք Ա. Բ.` Յաղագս նախախնամութեան, Գ., Յաղագս կենդանեաց, աշխատասիրութեամբ Հ.Մ. վրդ. Աւգերեանց, Վենետիկ, 1822, Փիլոնի Եբրայեցւոյ մնացորդք ի հայս, որ են Մեկնութիւն Ծննդոց և Ելից ճառք ի Սամփսոն, ի Յովնան եւ Յերիս մանկանս կամ ի հրեշտակս, աշխատ. Հ.Մ. վրդ. Աւգերեանց, Վենետիկ 1825 թ.)։ Այդ երկերի դժվար ընկալելի հատվածներն ու բառերը մեկնաբանվել են մասնավոր Լուծմունքներում) որդեգրեց այս ուսմունքը և հայրերին դասեց բարեխոսների շարքը: Ըստ Նոր Կտակարանի հեղինակների՝ Հիսուս միակ Միջնորդն է (Եբր. Է 25, տե՛ս նաև Հայտ. Ե 8): Բարեփոխության եկեղեցիները հրաժարվեցին անցնել այս սահմանագծից այն կողմ՝ թողնելով ննջեցյալների գործն Աստծուն: Հայտնի է, որ սրբերին դիմելը կարևոր նշանակություն է ունեցել Արևելյան ու Արևմտյան Եկեղեցիների պատմության մեջ: Այն ընդունեց Տրիդենտինյան ժողովը, որը հավելեց, որ յուրաքանչյուր շնորհ ի Քրիստոս է:
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
Մեզ թվում է, որ հեղինակը սույն գրքի որոշ մասերի միջոցով ցանկացել է դեպքերը Երուսաղեմի ու Տաճարի շուրջ հավաքել: Այդ իսկ պատճառով թվում է, թե երկրորդ նախապատրաստական նամակը (Ա 10-Բ 18) հատկապես կարևոր է: Անկասկած, այս նամակը խմբագրել է Հուդայի ժամանակակից մի քահանա՝ քաջատեղյակ հին երկասիրություններին, իսկ նամակը գրվել է Եգիպտոսի հրեական համայնքում և հասցեագրվել Արիստաբուլոս գիտնականին: Նամակի գործնական նպատակն է Հուդայի և պաղեստինցի հրեաների անունից Եգիպտոսում բնակություն հաստատած իրենց հավատակիցներին կոչել՝ իրենց հետ նշելու Տաճարի սրբագործումը: Նամակում միաժամանակ պարզաբանվում են 148 թ. Քասղև ամսի 25-ին (ն. Ք. 164 թ. դեկտեմբերի 15) սահմանված տոնակատարության որոշ եղանակները: Նամակի հեղինակն առաջարկում է նրանց կատարել Տաղավարահարաց տոնի արարողությունը (Ա 18), որ Սողոմոնը որդեգրել էր առաջին Տաճարի սրբագործման ժամանակ (Բ Մակ. Բ 12, Գ Թագ. Ը 65 և Բ Մնաց. 7): Սակայն Քասղև ամսվա սրբագործմանը առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդելու և հին ավանդությանը վերադառնալու (որոշ տարրեր անտեսվել էին) համար հեղինակը ցանկանում է սրբագործումը տեսնել սրբազան կրակով կատարված: Նա արդարացնում է կրակի օգտագործումը՝ վկայակոչելով Նեեմիի (Բ 13 և Ա 18-36) երկրորդ Տաճարի զոհասեղանի սրբագործումն ու Երեմիային, երբ վերջինս հրամայում է աքսորյալներին իրենց հետ վերցնել այդ սրբազան կրակից (Բ 1):
ՅՈԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԵԾԱՐՈՒՄԸ
Այս պատմվածքի ոճի սրտառուչ շեշտը խոսում է Հասոնի ու գիրքն ամփոփողի մտահոգվածության մասին: Անտարակույս, այս իրադարձությունը պատմական է (տե՛ս Ա Մակ. Ա 65-66), այն եղել է ժողովրդական ավանդության թեմա, նախքան Բ «Մակաբայեցիների» գրքում տեղ գտնելը՝ որոշ խորհրդանշանների, ինչպես յոթ թվի, առկայությամբ, թագավորի ներկայությամբ ու տառապանքների սաստկության ընդգծմամբ: Հեղինակը բնավ չի հայտնում նահատակության վայրի ու եղբայրների անունները: Այդ մասին լռություն են պահպանում նաև Ա «Մակաբայեցիների» գիրքն ու Հովսեպոսը: Միակ հնարավոր իրողությունն այն է, որ տառապանքի վայրը, համաձայն Բ «Մակաբայեցիների», կարծես Հուդայի երկիրն է (տե՛ս Բ Մակաբ. Զ 8,11): Սակայն անտիոքյան ավանդությունը տառապանքի վայրը սահմանում է Անտիոքը, ընդ որում, այս եզրակացությանը նա հանգում է Սուրբ Գրքի վրա հենվելով. Հուդայում կրոնական հալածանքների օրերին Անտիոքոս Դ Եպիփանոսը գտնվել է Անտիոքում, հետևաբար նահատակներին տարել էին այդ քաղաքը:
Այս անտիոքյան ավանդությունն առաջին անգամ երևան եկավ 390 թ. սուրբ Հովհաննես Ոսկեբերանի Նահատակների քարոզում, ուր նշվում է, որ նահատակների մասունքներն անթեղված են Անտիոք քաղաքի մոտ: Քիչ ժամանակ անց Օգոստինոս Երանելին իր որոշ քարոզներում նշում է. «Անտիոքի սուրբ Մակաբայեցիների Եկեղեցի... որը կառուցել էին քրիստոնյաները»: Այս ավանդության օգտին խոսող ուրիշ ապացույցներ էլ կան:
Նահատակների մեծարումն Անտիոքից տարածվեց դեպի արևմուտք: Նրանց մասունքները տեղափոխվեցին Միլան, Կոլոնիա, և նրանց անունները կրող մի շարք եկեղեցիներ կառուցվեցին Հռոմում, Լիոնում ու Վիեննայում, իսկ օգոստոսի մեկը սահմանվեց նրանց տոնի օր: Եկեղեցու հայրերը, հանձինս նահատակների, տեսնում էին քրիստոնյաների և բազմաթիվ քարոզներ են նվիրել նրանց:
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ
«Մակաբայեցիների» երրորդ գիրքը բովանդակում է Պտղոմեոս Չորրորդ Փիլոպատորի օրոք Եգիպտոսում տեղի ունեցած մի անցք, որը եգիպտական հրեաներին սպառնում էր համատարած կոտորածի ահավոր վտանգով (համարյա նման մի դեպքի մասին պատմվում է Եսթերի գրքում):
Դեպքը ծայր է առնում Պտղոմեոսի` «սրբարան մտնելու» ցանկությունից, ինչն առաջ է բերում հրեաների միահամուռ ընդոստ բողոքը (Ա գլուխ): Զայրացած թագավորը, որի մտադրությունը, բացի այդ էլ, ավելի սուր բնույթ է ստանում անսպասելի սաստիկ ուժասպառության պատճառով, հրեաներին հայտարարում է «ծառաներ» և կարգադրում նրանց խարանել «Որմիզդ չաստծու նշանով» (Բ գլուխ): Այս վերջին հրամանին հրեաների չենթարկվելը վերջնականապես կատաղության է հասցնում բռնապետին, և նա հրամայում է կոտորել թագավորության տարածքում ապրող բոլոր հրեաներին (Գ գլուխ): 40 օր ամբողջ թագավորությունում փնտրում էին հրեաներին ու գրանցում հատուկ ցուցակներում, որպեսզի որոշված օրը հարմար լիներ նրանց բոլորին կոտորելը: Սակայն ողջ թագավորությունով մեկ սփռված հրեաների բազմաքանակության պատճառով այդ ցուցակներն այդպես էլ չեն ամբողջանում. մեկ մագաղաթներն էին սպառվում, մեկ գրիչները մաշվում. «Եվ այս ամենը լինում էր Բարձրյալի օգնությամբ, Ով գութ ու խնամք էր ցուցաբերում եբրայեցիների նկատմամբ» (Դ 15): Նշանակված օրը 500 կատաղած փղեր (հայերեն Աստվածաշնչում` 700 փղեր) պետք է բաց թողնվեին հրեաների բազմության վրա: Բայց թագավորն անհասկանալի կերպով քանիցս ինքն է խափանում իր զարհուրելի ծրագիրը (Ե գլուխ): Իսկ ամենավճռական պահին, երբ փղերն ի վերջո խոյանում են այդ դժբախտների վրա, վերջիններիս մի ակնհայտ հրաշք է փրկում. կենդանիները հրեաների վրա հարձակվելու փոխարեն հանկարծ նետվում են իրենց ուղեկցող զինված զորքերի վրա և կատարյալ խուճապի մատնում նրանց: Դրանից սթափվում է նաև ինքը՝ թագավորը, և նրա վերաբերմունքը հրեաների նկատմամբ կտրուկ փոխվում է (Զ գլուխ): Հետևում է նոր հրովարտակ, որն ազդարարում է հրեաների նկատմամբ թագավորի հատուկ հովանավորությունը: Միևնույն ժամանակ հրեաների դատաստանին են հանձնվում բոլոր նրանք, ովքեր փորձության այդ ծանր պահին հավատքի մեջ թուլություն էին ցուցաբերել ու փոքրոգաբար հեռացել օրենքից: Հրեաները կոտորում են նրանց, իսկ ի հիշատակ այդ իրադարձության՝ հատուկ տոն է սահմանվում (Է գլուխ):
ԴԵՊՔԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի առնելով դեպքի նկարագրության մեջ տեղ գտած զգալի մանրամասնությունները, որոնց պատմականությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս (մահվան դատապարտվածների մեծ քանակությունը, նրանց Ալեքսանդրիայի ձիարշավարան բերելը (հայերեն Աստվածաշնչում` «որ դրանց կոտորեն քաղաքից դուրս մի հրապարակում, ընդարձակ մի վայրում»), թղթի և գրչի բոլոր պաշարները կլանած ցուցակագրությունը և այլն), ենթադրում են, որ սույն գրքի բովանդակությունը կազմող անցքն իրականում կարող էր անհամեմատ նվազ նշանակալի պատմական հիմք ունենալ, որ հեղինակը գունազարդել է՝ նպատակ ունենալով հեթանոսների աչքում մեծարել հրեա ժողովրդին և ցույց տալ նրա նկատմամբ Աստծու առանձնահատուկ հոգատարությունը: Բուն իրադարձությունը, այսպիսով, հավանաբար շատ ավելի համեստ ընդգրկում է ունեցել: Այն հիշատակում է նաև Հովսեպոս Փլաբիոսը, սակայն ուրիշ թագավորի (Պտղոմեոս 7-րդ Փիսկոնի) անունով և այլ մղումների ու դրդապատճառների մատնանշումով:
Գրքի գրության ժամանակը, ինչպես նաև հեղինակն ու վայրը անհայտ են: Համենայն դեպս, գիրքը գրված է ն. Ք. 164-ից հետո, քանի որ հիշատակում է Դանիելի գրքի իրադարձությունների մասին, և Փրկչի երկրային կյանքի առաջին տարիներից ոչ ուշ: Լեզվական որոշ նրբերանգներ ևս կարող են մատնանշել, որ գիրքը գրվել է Եգիպտոսում, մի եգիպտացի հրեայի կողմից:
Երկրորդականոն սույն գրքի նկատմամբ հին Եկեղեցու հարգանքն արտահայտվել է Առաքելական կանոնների, ինչպես նաև Թեոդորետոսի ու եկեղեցական այլ հեղինակների վկայակոչումներում:
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ